Անդրեաս առաքյալի եկեղեցի (գերմ.՝ Andreaskirche), բարոկկո եկեղեցի Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի մայրաքաղաք Դյուսելդորֆում: Եկեղեցին գտնվում է «Հին քաղաքում»՝ Andreasstraße փողոցում: Եկեղեցու շենքը 1984 թվականից գտնվում է պետության պահպանության ներքո:
17-րդ դարի առաջին կեսին Վոլֆգանգ Վիլհելմ ֆոն Պֆալց-Նոյբուրգ պֆալցկոմսը թույլատրել է ճիզվիտների միաբանության գործունեությունը Հուլիխ Բերգ դքսությունում։ Այդ կապակցությամբ 1622-1629 թվականներին Դյուսելդորֆում կառուցվել է ճիզվիտական եկեղեցի և օծվել ի պատիվ Անդրեաս առաքյալի։ Շենքը կառուցվել է հակառեֆորմացիայի ժամանակների հարավգերմանական բարոկկո ոճով։
17-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան կողմից եկեղեցուն կից կառուցվել է ճիզվիտների կոլեգիայի շենքը։ 1716-1717 թվականներին հյուսիսային կողմից եկեղեցու շենքին կից ճարտարապետ Սիմոն դել Սարտոն կառուցել է Վիտելսբախների ընտանիքի դամբարանը, որին պատկանում էին Յուլիխ-Բերգ դքսության և Պֆալցի կուրֆյուրստի կառավարիչները։ Մասնավորապես դամբարանում է գտնվում 1716 թվականին մահացած Պֆալցի կուրֆյուրստ Հովհան Վիլհելմի շքեղ սարկոֆագը, որի հուշարձանը գտնվում է Markplatz հրապարակում՝ Դյուսելդորֆի քաղաքապետարանի շենքի դիմաց։
1773 թվականին ճիզվիտների միաբանության լուծարումից հետո Անդրեաս առաքյալի եկեղեցին սկսել է ծառայել որպես ծխական եկեղեցի և մնացել այդպիսին մինչև 2005 թվականը, երբ փոխանցվել է դոմինիկյան միաբանությանը։
Անդրեաս առաքյալի եկեղեցին ներսից շքեղորեն զարդարված է։ Եկեղեցում տեղադրված են տասներկու առաքյալների, ավետարանիչների, տարբեր սրբերի և ճիզվիտների միաբանության գործիչների բնական մեծության արձաններ։ Բարոկկո ոճի զոհասեղանը ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։
1959-1960 թվականներին քանդակագործ Էվալդ Մատարեն ստեղծել է նոր խորան՝ եռաստիճան հարթակով, մասունքների պահպանության համար նախատեսված անոթի տեղով և երկու սպիտակ մարմարի աստիճաններով։
1782 թվականին վարպետ Պետեր Քեմփերն ստեղծել է երգեհոն: Երգեհոնի կորպուսն ստեղծվել է վարպետներ Բերնհարդ Օրլինսկու և Յոզեֆ Ցիմերմանի կողմից: 1900 թվականին երգեհոնի համար ավելացվել է էլեկտրա-մեխանիկական տրակտուրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վնասված երգեհոնը վերականգնվել է 1953 թվականին «Fabritius» երգեհոնային ընկերության կողմից, իսկ 1970-1971 թվականներին այն վերափոխվել է «Rudolf von Beckerath Orgelbau» երգեհոնային ֆիրմայի մասնագետների կողմից։